Այո, վերնագրում հիշատակված ֆուտբոլային գրանդ ակումբները Չեմպիոնների լիգայի գլխավոր՝ կարդիֆյան եզրափակչում չեն լինի, քանի որ տարբեր հանգամանքների բերումով չկարողացան հաղթահարել մեկ քառորդի արգելքը: Սակայն եթե ի դեմս մադրիդյան ակումբների իսպանական ֆուտբոլը շարունակում է ներկայացուցիչներ ունենալ եվրոպական ու առհասարակ համաշխարհային ակումբային ֆուտբոլի այս թիվ մեկ խաղարկությունում, ապա գերմանականի համար, ավաղ, այն արդեն անցյալ է ընթացիկ մրցաշրջանում, քանզի «Բավարիայի» ճակատագիրը կրկնեց և Դորտմունդի «Բորուսիան»: «Ռեալի» ու «Աթլետիկոյի» հետ մեկտեղ կիսաեզրափակչում են նաև իտալական «Յուվենտուսն» ու ֆրանսիական «Մոնակոն»:
ՈՐՔԱ՞Ն ԱՐԺԵՍ, ՄՐՑԱՎԱՐ
«Ալյանց Արենայում» կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր «արքայականի» կամային հաղթանակով (դիմակայության երկրորդ կեսի զգալի հատվածը մյունխենցիներն անցկացրել էին տասը հոգով), իսկ սա նշանակում էր, որ եթե «գալակտիկոսին» լիուլի բավարարում էր ոչ միայն ոչ-ոքին, այլև նվազագույն հաշվով պարտությունը, ապա երջանկության որոնումներում նախահարձակը «Բավարիան» պիտի լիներ:
Առաջ անցնելով ասենք, որ պատասխան խաղում էլ Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Բավարիային» ու դուրս եկավ կիսաեզրափակիչ: Խաղի հիմնական ժամանակում մյունխենցիները կարողացան չեզոքացնել «Ալյանց Արենայում» կրած պարտության 1:2 հաշիվն ու դիմակայությունը տեղափոխել լրացուցիչ ժամանակահատված, որը նրանց համար վերածվեց կատարյալ դժոխքի ու առաջին հերթին հանդիպումը սպասարկող մրցավարական կազմի պատճառով: Վերջնահաշվում պատմությունը սերունդներին ի պահ կհանձնի մադրիդյան հանդիպման 4:2 հաշիվն ու ընդհանուր դիմակայությունում Ռոնալդուի խփած հինգ գնդակը, սակայն այն, ինչ տեղի ունեցավ «Սանտյագո Բեռնաբեուում», համաշխարհային ֆուտբոլի խայտառակությունն էր:
84-րդ րոպեին (հաշիվն այդ պահին 2:1 էր՝ հօգուտ «Բավարիայի») լավ էլ կասկածելի հանգամանքներում մրցավար Վիկտոր Կաշային երկրորդ դեղին քարտը ցույց տվեց Արթուրո Վիդալին, որը, ի դեպ, եթե արժանի էլ էր դրան, ավելի վաղ պիտի ստացած լիներ, ու մյունխենցիները մնացին տասը հոգով: Այստեղ միջանկյալ ասենք, որ ճակատագրի հեգնանքով չիլիացին դարձավ այս դիմակայության չար հանճարը: Հիշենք, թե մյունխենյան մրցակցությունում գոլ հեղինակելուց հետո նա ինչպես չկարողացավ իրացնել տասնմեկմետրանոցը, որի ճակատագրական լինելը խոստովանեցին անգամ մադրիդցիները (կարիք կա՞ ասելու, որ 2:0-ն խաղի միանգամայն այլ տրամաբանություն էր հուշելու):
Ինչևէ:
Լրացուցիչում ակնհայտ խաղից դուրս վիճակից Ռոնալդուն խփեց մադրիդյան հանդիպման իր երկրորդ, ապա երրորդ գոլը: Դարձյալ խաղից դուրս վիճակից:
Եթե լրացուցիչի առաջինն ուժաքամ բավարացիներին հաշիվը վերականգնելու հույսի աղոտ ակնկալիք դեռևս թողնում էր, երկրորդն արդեն մահախոսական էր:
Իհարկե, եղավ և «արքայականի» երրորդ գոլը, որն ընդամենը պարտությունը դարձրեց ավելի ջախջախիչ, սակայն սա էլ չէ գլխավորը: Գլխավորը մրցավարական կոպիտ սխալների այն վակխանալիան էր, որ այդ օրը տիրություն էր անում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում: ՈՒ այստեղ ինչպես չհիշել 2012-2013 թթ. մրցաշրջանի կիսաեզրափակչի «Բավարիա»-«Բարսելոն» դիմակայությունը, որը սպասարկում էր այդ նույն Վիկտոր Կաշայիի ղեկավարած մրցավարական կազմը, երբ հանդիպման չորս գոլից երեքը հաշվվեց ակնհայտ վրիպումների արդյունքում: Ճիշտ է՝ այն ժամանակ մրցավարական կոպիտ սխալները հօգուտ «Բավարիայի» էին, բայց մի՞թե դրանից կատալոնցիների պարտությունը պակաս ցավագին չէր:
Փաստը մնում է փաստ, որ անպատժելիությունը բերում է հանցանքի կրկնության, ու միանգամայն օրինականորեն հարց է առաջանում՝ որքա՞ն արժես, մրցավար, ու առհասարակ որքա՞ն արժես ֆուտբոլային տնտեսության գլխին կանգնած կազմակերպություն, որ այդպես համառորեն դիմադրում ես ժամանակակից տեխնոլոգիաները մարզաձևում ներդնելու հարցում:
Դրսում վաղո՜ւց քսանմեկերորդ դարն է: Տեխնիկան այնպիսի հսկայաքայլ է արել, որ տիեզերքից կարող են տեսնել ոչ միայն տանդ մեջ ականջդ քորելը, այլև անփույթ տանտիրուհու պատճառով սեղանին մոռացված ասեղը:
Հարց՝ ի՞նչ մի դժվարություն է մեկ-երկու տեսախցիկ դնելն ու հանդիպման վիճելի պահերը տեսադիտելը:
Կարծում եք՝ դրանից խաղի տեմպն ընկնելո՞ւ է:
Բայց չէ որ ֆուտբոլիստների կողմից նման դրվագների վիճարկումը շատ ավելի ժամանակ է խլում:
Շան գլուխն իրականում ուրիշ տեղ է թաղված: Պատահական չէ, որ ֆուտբոլը մնում է ամենակոռումպացված մարզաձևերից մեկը, և ավելին չասելու համար բավարարվենք այսքանով, թեև անհրաժեշտ է խոստովանել, որ, չնայած մրցավարական սխալներին, չափազանց գեղեցիկ մրցակցություն էր, ու առանձին դրվագներ ֆուտբոլային գլուխգործոցներ էին: Հատկապես չենք կարող չնշել դիմակայության վերջին գոլին բերած Մարսելոյի ֆանտաստիկ անցումն ու առհասարակ բրազիլացի պաշտպանի նույնքան ֆանտաստիկ խաղն առհասարակ:
ԼԵՍՏԵՐՅԱՆ ՀԵՔԻԱԹՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է
«Լեստեր»-«Աթլետիկո» դիմակայությունը պատասխանելու էր «Չեմպիոնների լիգայում արդյո՞ք կշարունակվի լեստերյան հեքիաթը» հարցին, թե մեկ քառորդը անգլիական թիմի երազանքների սահմանն է, թեպետ, խոստովանենք, աշխարհի բազմաթիվ թիմեր կերազեին այդպիսի սահմանի մասին:
Պատասխան խաղից առաջ կրած նվազագույն հաշվով պարտությունը բոլոր դեպքերում վատ ցատկահարթակ չէր անգլիական համեստ ակումբի հերթական հերոսացման համար: Սակայն ֆուտբոլային անհամեմատ մեծ քաշ ու կշիռ ունեցող «Աթլետիկոն» արեց իրենը, ու որքան էլ Անգլիո կողմերում գրանցվեց ոչ-ոքի (1:1), երկու դիմակայությունների արդյունքով պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ մադրիդյան ակումբը, ինչը նրա մասնակցությամբ կիսաեզրափակչի սպասվելիք հանդիպումը դարձնում է ավելի ծանրակշիռ, իսկ թե բան է՝ այնպես լինի, որ վիճակահանության արդյունքով նրան, դիցուք, մրցակից հասնի «Ռեալը», կլինի մի այլ կարգի դիմակայություն: Թերևս անհրաժեշտ համարենք նկատել, որ մրցումային առաջին օրը բացառիկ հաջողված էր իսպանական ֆուտբոլի համար:
ԱՆԽՈՑԵԼԻ «ՅՈՒՎԵՆՏՈՒՍԸ»
«Բավարիայի» օրինակով խիզախելու էր կոչված և «Բարսելոնը», որը 0:3 հարվածի տեսքով Թուրինում սաստիկ ցավոտ ապտակ էր ստացել «ծեր սինյորայից»: Թվերի մեջ ընթերցողին շատ չխճճելու համար ասենք, որ «Բարսելոնին» ձեռ էր տալիս 4:0 հաշվով հաղթանակը (3:0-ն բերելու էր լրացուցիչ խաղակեսերի), իսկ գոլ (գոլեր) բաց թողնելու դեպքում շրջանառության մեջ էր մտնում բոլորովին այլ հաշվարկ՝ սկսած «Յուվենտուսին» հինգ և ավելի անգամ պատժելուց: Ասել է թե՝ ճանապարհը շարունակելու համար կատալոնցիներից սպասվում էր այն կարգի խենթություն, որպիսին ունեցան «Պարի Սեն Ժերմենի» հետ խաղում:
Առաջ անցնելով՝ ասենք, որ խենթությունն այդ չստացվեց: Ավելին, նաև սեփական հարկի տակ «Բարսելոնը» չկարողացավ վայելել Բուֆոնի դարպասը խոցելու հաճույքը (բացառիկ դեպք վերջին տարիների կատալոնյան ակումբի համար), որը համաշխարհային ֆուտբոլի գերաստղի համար շարունակեց մնալ միակը, որի պաշտպանած դարպասը գրավելու պատիվն այդպես էլ չի ունեցել լեգենդար արգենտինացին:
Իսկ ամբողջության մեջ խաղը հիասքանչ էր՝ կոտրելով մտածողության այն կարծրատիպը, թե ֆուտբոլը միայն գոլերով է գեղեցիկ: Ի դեմս այս դիմակայության, ֆուտբոլային աշխարհը տեսավ աշխարհի լավագույն հարձակումն ընդդեմ այդ նույն աշխարհի լավագույն պաշտպանության: ՈՒ թող որ շահող կողմը եղավ վերջինս, սակայն ճշմարտությունը պահանջում է ասել, որ դա եղավ նաև ի հաշիվ բախտի գործոնի, որովհետև գնդակը համառորեն չէր գտնում դարպաս տանող ճանապարհն ու վերջ:
Եվ, այնուամենայնիվ, թույլ տվեք նկատել, որ «Բարսելոնի» վրա հոգեբանորեն հավասարապես ճնշում էր ինչպես առաջին դիմակայությունում բաց թողած երեք գնդակը հնարավորինս շուտ չեզոքացնելու գործոնը, այնպես էլ, չեմ վախենում կրկնելուց, այն պարզ գիտակցությունը, որ գործ ունի աշխարհում լավագույն պաշտպանությունն ունեցող թիմի հետ: Իսկ «Պարի Սեն Ժերմենի» հետ ձեր հնարավոր համեմատականը բնավ էլ տեղին չէ. չէ՞ որ (հարկադրված եմ երրորդում) վերևում սևով սպիտակի վրա ավելի քան հստակ նշեցի՝ կատալոնցիներին ճնշում էր աշխարհում լավագույն պաշտպանության հետ առնչվելու գործոնը: Եթե սրանից հետո էլ պիտի շարունակեք համառել, ինչ ասեմ, Աստված ձեզ հետ, ես ուրիշ փաստարկ չունեմ:
ՄՈՆԵԳԱՍԿՆԵՐՆ ԱՆԿԱՍԵԼԻ ԷԻՆ
Ասում են՝ եթե փորձանքը գալիս է, հեղեղի պես է գալիս: Դորտմունդյան դիմակայությունից առաջ, գիտեք, հայտնի տեռորիստական ակտը եղավ: «Լուի Երկրորդ» մարզադաշտ ժամանելիս էլ դորտմունդցիների ավտոբուսն ավելի քան քսան րոպե անհոդաբաշխ բացատրությամբ կանգնեցրեց տեղի ժանդարմերիան՝ ոչ միայն հոգեբանական մի նոր ցնցումի առիթ լինելով գերմանացի ֆուտբոլիստների համար, այլև պատճառ դառնալով նախատեսված ժամանակից խաղի ավելի ուշ սկսվելու:
Մանրո՞ւք է: Թվում է միայն:
Հանդիպումը, ինչպես և ակնկալվում էր, գոլառատ ստացվեց: Դորտմունդյան 3:2 հաշվով հաղթանակը մոնեգասկները ամրապնդեցին տնային 3:1-ով՝ միանգամայն արժանիորեն նվաճելով կիսաեզրափակչում հանդես գալու իրավունքը, ու նորից դարպասի գրավումով աչքի ընկավ համաշխարհային ֆուտբոլի ծագող աստղ, տասնութամյա Կիլիամ Մբապեն, որ եվրոպական այս խաղարկությունում չորրորդ անընդմեջ գոլը հեղինակեց, ու պատահական չէ, որ եվրոպական ֆուտբոլային գերակումբներն իրենց նշանառության տակ են առել նրան:
Հնարավորինս համառոտակի՝ այսքանը մեկ քառորդ եզրափակչի պատասխան խաղերի մասին ընդհանրապես ու ընդհանուր դիմակայությունների մասին մասնավորապես, իսկ թե «Ռեալ»-«Աթլետիկո»-«Յուվենտուս»-«Մոնակո» քառյակը կիսաեզրափակչում ինչ զույգեր կկազմի, ցույց կտա այսօր իսկ կայանալիք վիճակահանությունը: Գուցե թե հարկ եղածից ավելի ենք առաջ ընկնում, սակայն մեր համեստ կարծիքով կարդիֆյան լավագույն տարբերակը, ինչ խոսք, կլիներ «Ռեալ»-«Յուվենտուս» առճակատումը, ու դա ոչ միայն նրա համար, որ գլխավոր եզրափակչում «Ռեալ»-«Աթլետիկո» հնարավոր դիմակայությունն իր հաճախակի բնույթով վերջին տարիներին հասցրել է հոգնեցնել ֆուտբոլասերին:
Իհարկե, այստեղ կպատշաճեր, որ մի երկու խոսք էլ ասեինք Եվրոպայի լիգայի խաղարկության մասին, սակայն, հաշվի առնելով, որ խաղերը կայացել են երեկ երեկոյան ու թերթն ընթերցողի սեղանին դրվելուց առաջ արդեն իսկ հայտնի են այդ հանդիպումների արդյունքները, գիտակցաբար շրջանցում ենք թեման, բայց և հաստատ համոզված լինելով, որ այդ դիմակայությունները պակաս ուշագրավ չեն եղել:
Թերևս այսքանը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ